Նորություններ

Convergences Armenia Forum-ում քննարկվել են COP17-ից հետո Հայաստանի բնապահպանական առաջնահերթությունները

նոյեմբեր 24, 2026

Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Convergences Armenia Forum առաջին համաժողովը, որին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը։
Համաժողովը համախմբել է պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու COP17-ից հետո Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները։
Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների վրա աճող ճնշումն ու էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց հաղթահարումը պահանջում է համակարգված մոտեցում և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածություն։
Հայկ Առաքելյանը կարևորել է COP17-ի առանցքային ուղերձներից մեկը՝ միջազգային մակարդակում ստանձնած հանձնառությունները վերածել կոնկրետ գործողությունների ազգային և տեղական մակարդակներում։