Նորություններ

Քննարկվել են COP17-ի հարթակի, կիբեռանվտանգության և թվային բարեփոխումների հարցեր

հունիսի 12, 2026

Քննարկվել են COP17-ի հարթակի, կիբեռանվտանգության և նախարարության ծառայությունների թվայնացման բարեփոխումների հարցերը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պաշտոնական կայքի նախապատրաստական աշխատանքներին և կիբեռանվտանգության ապահովմանն առնչվող հարցերին, ինչպես նաև նախարարության թվայնացման բարեփոխումների ընթացքին, հիմնական ուղղություններին և առաջիկա ծրագրերին։
Քննարկմանը մասնակցել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, Տելեկոմ Արմենիայի,Դոպինգ Սփեյսի, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հիմնադրամի ներկայացուցիչները և նախարարության համատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի առաջնահերթ թվայնացման ծրագրերը, որոնց թվում են՝ 
- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի թվայնացման ճանապարհային քարտեզի մշակումը,
-  թափոնների հեռացման վայրերի թվային ռեեստրի ստեղծումն ու ռեեստրային գրանցման ծառայությունների թվայնացումը։
Արա Մկրտչյանը նշել է, որ թվայնացումը նախարարության բարեփոխումների օրակարգի կարևոր բաղադրիչներից է՝ ուղղված պետական ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ թվային լուծումների ներդրումը կնպաստի տնտեսվարողի վարչարարական բեռի նվազեցմանը, ծառայությունների մատուցման արագացմանը և առավել կանխատեսելի ու արդյունավետ գործարար միջավայրի ձևավորմանը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը թվային լուծումների մշակման և նորարարական ծառայությունների զարգացման գործընթացում՝ ընդգծելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության առանցքային նշանակությունը հաջող թվային վերափոխումների համար։