Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները
օգոստոսի 18, 2026
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հանդիպել է «Գրին Գրին» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, իչպես նաև մեկանգամյա պլաստիկ սպասքի արգելքի հետ կապված օրենդրական կարգավորումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պլաստիկի սպառման նվազեցմանը, վերօգտագործման և վերամշակման խթանմանը, ինչպես նաև կենսաքայքայվող և էկոլոգիապես առավել անվտանգ նյութերի կիրառման հնարավորություններին։ Ընդգծվել է, որ պլաստիկ թափոնների խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է համալիր մոտեցում՝ համադրելով պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածի պատասխանատվությունը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու հանրային իրազեկվածության բարձրացումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև սպառողական վարքագծի փոփոխությանն ու կայուն սպառման մշակույթի ձևավորմանը։ Այս համատեքստում կարևորվել են կրթական և իրազեկման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բազմակի օգտագործման և շրջակա միջավայրի համար առավել անվտանգ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանումը։ Կողմերը կարևորել են պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությունը՝ պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով, և պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն այս ուղղությամբ։ Հիշեցում
2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝
- առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում,
- հանրային սննդի օբյեկտներում,
- բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։