Քննարկում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման գործընթացի շրջանակներում
մարտի 05, 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ԱԸՊ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել, որին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Քննարկման ընթացքում Արա Մկրտչյանը կարևորել է էկոնոմիկայի նախարարության ակտիվ ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ԱԸՊ համակարգը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համատեղ մոտեցում։ Նախարարի տեղակալը նշել է, որ համակարգի ներդրումը կարող է էականորեն բարելավել թափոնների կառավարման ամբողջ շղթան՝ սկսած հավաքումից և տեսակավորումից մինչև վերամշակում՝ ապահովելով ավելի կազմակերպված ու վերահսկելի գործընթացներ։
Նշվել է, որ համաձայն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)՝ հայկական կողմը պարտավորություն է ստանձնել ներդնելու ԱԸՊ համակարգը՝ իրականացնելով համապատասխան օրենսդրական մոտարկումներ ԵՄ «Թափոնների մասին» ԵՄ հրահանգին։ Այդ նպատակով, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակում, շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» փորձագիտական թիմի աջակցությամբ մշակվել է նոր «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիը։ Ներկայում իրականացվում է օրինագծի կարգավորման ազդեցության գնահատում (ԿԱԳ)։
ԱԸՊ համակարգի ներդրումը նպաստելու է արտադրվող կամ ներմուծվող առանձին ապրանքների հետ կապված թափոնների կառավարման ֆինանսական բեռի արդար բաշխմանը, որի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել վերամշակման շուկան, խթանել ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ձևավորելով շրջանաձև տնտեսության սկզբունքներին համապատասխան համակարգ։
ԱԸՊ համակարգի ներդրման սկզբնական շրջանում, ԵՄ պահանջներին և միջազգային լավագույն փորձին համահունչ՝ հաշվի առնվելով նաև Հայաստանում առկա վերամշակման հզորությունները և ներդրումային ներուժը,նախատեսվում է ԱԸՊ պարտավորությունը կիրառել ապրանքային մի քանի խմբի համար,մասնավորապես՝
-փաթեթավորման և փաթեթվածքի (օրինակ՝ շշեր, տուփեր և այլն) թափոններ առաջացնող ապրանքներ,
-կենցաղում օգտագործվող առաջնային մարտկոցներ և կուտակիչներ,
-ավտոմոբիլային անվադողեր, յուղեր, ֆիլտրեր,
-էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ։