Տրվեց COP17 մեդիա դպրոցի դասերի մեկնարկը
ապրիլի 18, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ, մեկնարկել են հայաստանյան լրագրողների և խմբագիրների համար նախատեսված եռամսյա մասնագիտական ուսումնական ծրագիրը՝ նվիրված COP17 համաժողովի լուսաբանմանը։
Ապրիլի 17-ին Շրջակա միջավայրի նախարարության Բնության պետական թանգարանում տեղի ունեցավ ծրագրի առաջին դասը։ Դասի թեման էր ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան և կողմերի համաժողովների (COP) նշանակությունը։ Բանախոսը Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ, ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Ոսկեհատ Գրիգորյանն էր։
Դասի ընթացքում ներկայացվեցին կոնվենցիայի ձևավորման պատմական հիմքերը, մասնավորապես՝ 1992 թվականի Ռիոյի համաժողովում ընդունված միջազգային երեք հիմնարար փաստաթղթերը, որոնք ձևավորեցին ժամանակակից բնապահպանական կառավարման հիմքը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի հիմնական նպատակներին՝ կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և գենետիկական ռեսուրսներից ստացվող օգուտների արդար բաշխմանը, ինչպես նաև դրա հիմնական մեխանիզմներին՝ ներառյալ Կողմերի համաժողովը (COP), գիտական խորհրդատվական մարմինները և ֆինանսավորման գործիքները։
Ներկայացվեց նաև Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը, որը սահմանում է մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության նպատակներ, այդ թվում՝ «30x30» նախաձեռնությունը՝ երկրագնդի տարածքի առնվազն 30 տոկոսի պահպանություն ապահովելու նպատակով։
Դասընթացն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ մասնակից լրագրողների ներգրավվածությամբ և թեմայի շուրջ խորքային քննարկումներով։
COP17 մեդիա դպրոց ծրագիրը նպատակ ունի ձևավորել ոլորտային գիտելիքներով և միջազգային օրակարգին տիրապետող լրագրողական համայնք, որը կկարողանա բարձր մակարդակով և մասնագիտական մոտեցմամբ լուսաբանել COP17 համաժողովը։