ՊաշտոնականՆորություններ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

հունիսի 19, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ տեղում ծանոթանալու ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի  նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող շինարարական և կազմակերպչական աշխատանքները, ստեղծվող ենթակառուցվածքներն ու տեխնիկական լուծումները, որոնք ապահովելու են համաժողովի բարձր մակարդակով անցկացումը։ Այս փուլում շարունակվում են տարածքների վերակառուցման, նոր մասնաշենքերի կառուցման, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների մատչելիության ապահովման աշխատանքները։
Քննարկվել է նաև անվտանգության, կապի, էլեկտրամատակարարման, տրանսպորտային և լոգիստիկ ապահովման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքները, որոնք կարևոր նշանակություն ունեն միջազգային այս խոշոր միջոցառման հաջող անցկացման համար։
Վարչապետին է  ներկայացվել նաև համաժողովի բովանդակային օրակարգի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանը, միջազգային ֆինանսավորման մեխանիզմներին և բնապահպանական համագործակցության խորացմանը։
Վարչապետը կարևորել է COP17-ի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։
COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, ինչպես նաև նպաստելու կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գլոբալ օրակարգի առաջմղմանը։