ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ԻրազեկումՆորություններ

Պլաստիկ արտադրանքի սահմանափակումների վերաբերյալ քննարկում Տավուշում

սեպտեմբեր 07, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է  2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումների վերաբերյալ իրազեկմանն ու կիրարկմանն ուղղված աշխատանքային հանդիպումները մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Սեպտեմբերի 4-ին հերթական աշխատանքային քննարկումն անցկացվել է Տավուշի մարզպետարանում։

Հանդիպման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի օտարումը սահմանափակող օրենսդրական կարգավորումները։

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ և համայնքների ղեկավարներ։ Մարզպետի տեղակալը ողջունելով օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման նախաձեռնությունը՝ կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների պատշաճ տեղեկացվածությունն ու գործընթացում նրանց ակտիվ ներգրավվածությունը։

Անդրադարձ է եղել տեղական ինքնակառավարման մարմինների դերին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և կիրարկման գործընթացում։ Քննարկվել են նաև առաջիկայում իրականացվելիք աշխատանքները և համագործակցության հնարավորությունները։

Քննարկման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորությունները և պատասխանել մասնակիցների հարցերին։

Հանդիպման շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են բազմակի օգտագործման էկոպայուսակներ՝ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման այլընտրանքների կիրառումը խրախուսելու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության նպատակն է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ կողմերի պատշաճ իրազեկվածությունը, աջակցել դրանց կիրարկմանը, խթանել ավելի պատասխանատու սպառողական վարքագիծը և ձևավորել արդյունավետ համագործակցություն՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև։

Իրազեկման հանդիպումները մարզերում շարունակելի են։