ՆորություններՄիջազգային հանդիպումներ

Պաշտոնական այց շրջակա միջավայրի նախարարությունում

մայիսի 11, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունը հյուրընկալել է Տաջիկստանի պատվիրակությանը՝ կլիմայական օրակարգի շուրջ փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով։
Մայիսի 5-8-ը Շրջակա միջավայրի նախարարությունը, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) գործընկերության և ՄԱԶԾ Տաջիկստանի գրասենյակի աջակցությամբ, հյուրընկալել է Տաջիկստանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի պատվիրակությանը։
Այցի առանցքում եղել են երկկողմ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն ու միջոլորտային համագործակցության ամրապնդումը՝ Փարիզյան համաձայնագրով ստանձնած կլիմայական պարտավորությունների մշակման, իրականացման և մոնիթորինգի ուղղությամբ։
Պատվիրակությունն այցելել է նաև ՇՄՆ «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ ծանոթացել է պահպանվող տարածքների կառավարման, էկոհամակարգերի մոնիթորինգի, բնապահպանական առաջնահերթությունների և համայնքների ներգրավմամբ զբոսաշրջության կառավարման փորձին։
Մայիսի 8-ին տեղի ունեցած ամփոփիչ հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ երկու երկրների միջև կլիմայական օրակարգի շուրջ ձևավորված երկխոսությունը կարևոր հարթակ է տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար։
NDC գործընկերության ֆասիլիտատոր Հայրապետ Հակոբյանը ներկայացրել է նաև NDC գործընկերության շրջանակում երկրների միջև համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ ընդգծելով կլիմայական քաղաքականությունների իրականացման գործում արդյունավետ համակարգման և միջազգային աջակցության դերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պարբերական դարձնել փոխադարձ ճանաչողական այցերը։