Ուսումնական այց դպրոցականների համար
օգոստոսի 05, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել է Երևանի Լևոն Արիսյանի անվան №127 ավագ դպրոցի աշակերտներին։
Դպրոցականներն ուսուցիչների աջակցությամբ մասնակցել են «Հրազդանի կիրճը՝ որպես Երևանի էկոտուրիզմի զարգացման կարևոր ուղղություն. խնդիրներ և լուծումներ» թեմայով նախագծային աշխատանքին։
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Հրազդանի կիրճի էկոլոգիական և զբոսաշրջային ներուժը, բացահայտել առկա խնդիրները և մշակել դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, որոնք աշակերտներին ներկայացրել են Հրազդանի կիրճում գտնվող բնության հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հրազդանի կիրճի ձախափնյա հատվածում գտնվող երկու բնության հուշարձաններին՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում և մանկական երկաթուղի տանող թունելի ճակատամուտքի մոտ։
Քննարկման ընթացքում մասնագետները պատասխանել են աշակերտների հարցերին, ներկայացրել նախարարության գործունեության շրջանակում իրականացվող աշխատանքները և խորհուրդ տվել նախագծի առավել համակողմանի իրականացման նպատակով համագործակցել նաև ոլորտին առնչվող այլ գերատեսչությունների մասնագետների հետ: