Նորություններ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հռոմում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ

փետրվարի 17, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հռոմում երկկողմ հանդիպում է ունեցել  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Քու Դոնյուհի հետ։
Քննարկել են Հայաստան–ՊԳԿ համագործակցության ընթացիկ օրակարգը և այն խորացնելու հնարավորությունները՝ այդ թվում COP17-ի նախապատրաստական գործընթացների շրջանակում։ 
Նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՊԳԿ աջակցությունը՝ գյուղատնտեսական արտադրողականության և սննդային անվտանգության բարձրացման, ինչպես նաև ոլորտային իրավական, քաղաքական ու ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ իրականացվող ծրագրերի միջոցով։
Անդրադարձել են գյուղատնտեսություն–կենսաբազմազանություն կապի կարևորությանը և այն, որ առաջիկա COP17-ը լավ հնարավորություն է՝ համատեղ ձևավորելու արդյունքներին ուղղված նախաձեռնություններ։ 
Հայաստանը շարունակելու է քայլերը՝ ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ՝ հատկապես խոցելի խմբերի համար հնարավորություններ ընդլայնելու նպատակով։ Այս համատեքստում կարևորել են նաև գյուղատնտեսական պրակտիկաների արդիականացումը և  ջրախնայող տեխնոլոգիաների կիրառումը։
Նախարարը ներկայացրել է նաև մի շարք նախաձեռնություններ՝ կայուն ու «խելացի» գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք կարող են արժանի կերպով ներկայացվել COP17-ի ընթացքում։ Միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝  ագրոսննդային համակարգերի, ագրոանտառտնտեսության և կենսաբազմազանության շուրջ համատեղ գործնական օրակարգ ձևավորելու շուրջ։