Նորություններ

Շրջակա միջավայրի նախարարությունը հյուրընկալել էր «Հայ ասպետ» դպրոցի սան Մհեր Գրիգորյանին

մարտի 30, 2026

Շրջակա միջավայրի նախարարություն էր դիմել «Հայ ասպետ» դպրոցի 8-րդ դասարանի սան Մհեր Գրիգորյանը՝ ՀՀ Կենդանիների և բույսերի Կարմիր գիրքը ստանալու նպատակով՝ որպես ուսումնական գործընթացին օժանդակող նյութ։
Հաշվի առնելով ուսումնական գործընթացում վստահելի և պաշտոնական աղբյուրների կիրառման կարևորությունը, մասնավորապես՝ վտանգված և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, նախարարության կողմից նախաձեռնվել է համապատասխան աջակցություն։
Նախարարությունում աշակերտին ընդունել է Կենսառեսուրսների կառավարման վարչության գլխավոր մասնագետ, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Կիրակոսյանը։
Քննարկել են կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ առավել վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակները, ինչպես նաև միգրացիոն թռչունների պահպանության հիմնախնդիրները։ Անդրադարձել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) խորհրդանշական պատկերին՝ կապտաթիթեռին, որը ներառված է Կարմիր գրքում։
Նախարարությունը կարևորում է հանրության, այդ թվում՝ կրթական համակարգի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացումը և շարունակաբար աջակցում է բնապահպանական կրթությանն ուղղված նախաձեռնություններին։