Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց պոլիէթիլենային արտադրանքի սահմանափակմանն ուղղված օրենսդրական փաթեթը
մարտի 25, 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում», ինչպես նաև «Շուկայի վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների և սպասքի իրացումը մանրածախ առևտրի ոլորտում։ Միաժամանակ սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ առաջին խախտման դեպքում նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանք։
Առաջարկվող կարգավորումները միտված են հանրային առողջության պահպանմանը և բնապահպանական ռիսկերի նվազեցմանը։ Պլաստիկի լայն կիրառումը հանգեցնում է վնասակար արտանետումների, թափոնների կուտակման և շրջակա միջավայրի աղտոտման։ Սահմանափակումների ներդրումը հնարավորություն կտա նվազեցնել այդ ազդեցությունները, կանխել աղբավայրերի գերծանրաբեռնվածությունը և բարելավել բնակչության կյանքի որակը։
Միաժամանակ նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի կայուն զարգացման օրակարգում՝ նպաստելով տնտեսության և շրջակա միջավայրի շահերի հավասարակշռմանը։
COP17-ի նախաշեմին նման քաղաքականությունների իրականացումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ հանդես գալու որպես պատասխանատու պետություն՝ հավատարիմ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման սկզբունքներին։