Նորություններ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նստաշրջանին

ապրիլի 23, 2026

Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին, որտեղ ելույթով անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ներկայիս մարտահրավերներին։   
«Թե՛ պետական, թե՛ մասնավոր ֆինանսական միջոցները շարունակում են մնալ անբավարար, իսկ ֆինանսավորման համակարգը՝ ոչ համադրված»,-նշել է  նախարարը։ 
Նախարարը կարևորել է կենսաբազմազանության ֆինանսավորման ինտեգրումը պետական քաղաքականությունների բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարբեր ֆինանսավորման գործիքների և նորարարական մեխանիզմների կիրառումը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը՝ միասնական չափորոշիչների և հստակ կանոնների միջոցով։
Նախարարն անդրադարձ է կատարել արդար և ներառական մոտեցմանը՝ նշելով, որ ֆինանսական հոսքերը պետք է հասանելի լինեն նաև տեղական համայնքներին։
Որպես COP17 համաժողովի նախագահող երկիր՝ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու միջազգային համագործակցության խորացմանը և կենսաբազմազանության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։
Վերջում նախարարն ընդգծել է, որ COP17-ը կարող է դառնալ ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների մեկնարկային հարթակ։