Նորություններ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կիմ Սոնգ Հվանի հետ

հուլիսի 01, 2026

Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության պայմաններում մեր երկրի համար առավել կարևոր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը, գետավազանների համալիր կառավարումը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը։
Հետաքրքրությամբ նախարարը ծանոթացել է Կորեայի Հանրապետության փորձին՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ջրհեղեղների կանխատեսման, ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական դիմակայունության բարձրացման ուղղությամբ։ Համաձայնեցվել է, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի կարողությունների զարգացման գործում։
Որպես  COP17-ը  նախագահող երկիր՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության համար և հրավիրեցի բարձր մակարդակով մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին։
«Վստահ եմ, որ այս հանդիպումը նոր խթան կհաղորդի Հայաստան–Կորեա բնապահպանական համագործակցությանը և կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ կլիմայական դիմակայունության, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանության»,-նշել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։