Նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է միջազգային գործընկերներին
ապրիլի 01, 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակությանը՝ Լուկա Սավիոլոյին, պարոն Ֆրանկ Հեսսին և Սյուզաննա Մարտինզին։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է նրանց այցը և ընդգծել Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված գործընկերության նշանակությունը՝ հատկապես կարողությունների զարգացման, փորձի փոխանակման և ոլորտային երկխոսության խորացման համատեքստում։
Նշվել է, որ մինչ օրս տրամադրված աջակցությունը տարբեր ուղղություններով էականորեն նպաստել է նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, համագործակցության ընդլայնմանը և ոլորտային նախաձեռնությունների արդյունավետ առաջմղմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայի իրականացմանն ուղղված նոր TAIEX նախաձեռնությանը, որը վերջերս է հաստատվել։ Ընդգծվել է, որ այն համահունչ է ինչպես Հայաստանի կողմից այս տարի հյուրընկալվող «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի առաջնահերթություններին, այնպես էլ ՀՀ–ԵՄ CEPA համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։
Նախաձեռնության իրականացումը նախատեսվում է սույն թվականի հուլիսի առաջին կեսին՝ եռօրյա փորձագիտական առաքելության ձևաչափով։ Առաքելության շրջանակում կքննարկվեն CITES կոնվենցիայի օրենսդրական հիմքերը, առևտրի կարգավորման մեխանիզմները, ինչպես նաև առգրավված նմուշների պահպանման վայրերին ներկայացվող պահանջները։
Կարևորվել է TAIEX հայտի հաստատումը՝ որպես կարևոր գործիք Կոնվենցիայի դրույթների առավել արդյունավետ իրականացման համար, ինչպես նաև դրա փոխկապակցվածությունը Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) և ՀՀ–ԵՄ CEPA համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի եվրոպական լավագույն փորձի ներմուծմանը և շոշափելի առաջընթացի ապահովմանը։