Նորություններ

Նախարարը շարունակում է Օսլոյում մասնակցել բարձր մակարդակի ծրագրին

ապրիլի 15, 2026

Օսլոյում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտում (Fridtjof Nansen Institute, FNI) նախարար Համբարձում Մաթևոսյանը շարունակում է մասնակցել բարձր մակարդակի մասնագիտական ծրագրին, որը կենտրոնացած է կենսաբազմազանության գլոբալ կառավարման, կլիմայական քաղաքականությունների և միջազգային բնապահպանական բանակցությունների արդի մարտահրավերների վրա։ Օրվա քննարկումները կառուցված էին գիտելիքի խորացման և միջազգային փորձի ուսումնասիրման շուրջ՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու տարբեր երկրների հաջողված մոտեցումներին և կիրառվող քաղաքական գործիքներին։ Մասնավորապես՝ ներկայացվեց Ֆրանսիայի կողմից COP21 համաժողովի կազմակերպման փորձը՝ որպես բազմակողմ կլիմայական բանակցություններում արդյունավետ ռազմավարական առաջնորդության օրինակ։ Քննարկվեց նաև բնիկ ժողովուրդների դերի ընդլայնումը միջազգային գործընթացներում, SB8j հարթակում աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև կենսաբազմազանության բանակցություններում ավանդական գիտելիքի և ներկայացվածության կարևորությունը։ Առանձին ուշադրություն դարձրվեց կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմներին, Թվային հաջորդական տեղեկատվությանը (DSI), Նագոյայի արձանագրության կիրառման գործնական ասպեկտներին, ինչպես նաև Բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային պայմանագրին՝ որպես սերմերի բազմազանության պահպանման կարևոր գործիք։ Ներկայացվեց նաև Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի՝ Հայաստանի հետ համատեղ իրականացվող նախագիծը՝ ընդգծելով միջազգային համագործակցության և գիտելիքների փոխանակման կարևորությունը։ Անդրադարձան  նաև պահպանվող տարածքներում կենսաբազմազանության և համայնքների կենսամիջոցների պահպանման կառավարման մոտեցումներին՝ կլիմայի փոփոխության և աճող զբոսաշրջության պայմաններում։ Օրվա ավարտին շրջայց կատարեցին ինստիտուտում՝ ծանոթանալով նրա գործունեությանն ու պատմությանը։ Այցելեցին նաև Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ  նախարարը ծաղիկներ խոնարհեց՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ մարդասերի հիշատակին։