Հավանության է արժանացել Խոշոր կատվազգիների միջազգային համաձայնագիրը
մարտի 25, 2026
Ազգային ժողովը 93 կողմ, 2 ձեռնպահ ձայներով հավանության արժանացրեց «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ինչպես նաև կանխել դրանց պոպուլյացիաների անկումը։
Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ ուրույն տեղ ունի կովկասյան ընձառյուծը։ Այն Հայաստանում հայտնի է եղել վաղ ժամանակներից, ինչի մասին վկայում են պատմական արձանագրությունները, ավանդապատումները, գրականությունը, բազմաթիվ ժայռաքանդակները, զարդաքանդակները և մանրանկարները։ Ներկայում կովկասյան ընձառյուծը ներառված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում՝ «վտանգված» և «կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակներով։ Այժմ Հայաստանում ընձառյուծի թվաքանակը տատանվում է մինչև 10 առանձնյակի սահմաններում, իսկ նրա համար կեր հանդիսացող կենդանատեսակների թվաքանակը աճել է 1000-ից մինչև 3000-ի։
Պաշտպանելով հիմնական տեսակները, ինչպիսիք են՝ ընձառյուծը և այլ խոշոր կատվազգիները՝ ապահովվում է էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարևոր է այլ տեսակների գոյատևման համար:
Դաշինքին անդամակցությունը հնարավորություն կտա զարգացնել միջազգային համագործակցությունը, իրականացնել համատեղ հետազոտություններ և կիրառել լավագույն փորձը՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ։