Նորություններ

Հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

մարտի 23, 2026

Շրջակա միջավայրի նախարարի մասնակցությամբ հանդիսավոր կերպով նշվեց  Օդերևութաբանության համաշխարհային օրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի մասնագիտական օրերը
Միջոցառման շրջանակում նախարարը շնորհավորել է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց գործունեությունն ունի առանցքային նշանակություն ոչ միայն բնապահպանական համակարգի, այլև երկրի անվտանգության, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։
Իր խոսքում նախարարը անդրադարձել է կլիմայի փոփոխության գլոբալ մարտահրավերներին՝ նշելով, որ այսօր առավել քան երբևէ կարևորվում են գիտականորեն հիմնավորված դիտարկումները, ճշգրիտ կանխատեսումները և վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերը։ Նրա խոսքով՝ դրանք հնարավորություն են տալիս ժամանակին արձագանքել եղանակային վտանգավոր երևույթներին, նվազեցնել ռիսկերը և պաշտպանել համայնքներն ու բնական ռեսուրսները։
Հանդիսավոր նիստի ընթացքում ներկայացվել են նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական արդյունքները, ձեռքբերումները և զարգացման ուղղությունները։ Կարևոր բաղադրիչ է կազմել նաև ոլորտի մի շարք աշխատակիցների պարգևատրման արարողությունը՝ գնահատելով նրանց մասնագիտական նվիրումը և ներդրումը համակարգի զարգացման գործում։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել նաև կրթական և հանրային իրազեկման բաղադրիչին. ամփոփվել են «Դիտարկիր այսօր՝ պաշտպանիր վաղվա օրը» խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքները, և պարգևատրվել են լավագույն աշխատանքների հեղինակ երեխաները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ապագա սերնդի ներգրավվածության և բնապահպանական կրթության կարևորությունը։
Նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտի մասնագետների հետևողական և համակարգված աշխատանքը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը շարունակելու են նպաստել երկրի դիմակայունության բարձրացմանը և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը։