ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ԻրազեկումՆորություններ

Հայտարարություն «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխություն

սեպտեմբեր 10, 2026

«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխություն | COP17 հատուկ թողարկում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն հայտարարում են «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկման հայտերի ընդունման մեկնարկը։

Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել, խրախուսել և բարձրացնել կանանց առաջնորդության ու ներդրման տեսանելիությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում իրականացվող գործողություններում և լուծումներում։

2022 և 2024 թվականներին Հայաստանում անցկացված «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունների փորձի հիման վրա COP17 հատուկ թողարկումն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության փոխկապակցվածությանը, ինչպես նաև կիրառելի արդյունքներ և զարգացման, կրկնօրինակման կամ ընդլայնման ներուժ ունեցող լուծումներին։

Մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերը

·    Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում

·    Կլիմայի փոփոխության հարմարվողականություն և էկոհամակարգերի դիմակայունություն

·    Համայնքային գործողություններ և քաղաքականություն

·    Կլիմայի և կենսաբազմազանության խնդիրների ու լուծումների լուսաբանում

·    Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար

·    Կլիմայական և բնապահպանական ֆինանսավորման ու նորարարության լուծումներ

·    Երիտասարդները կլիմայական և բնապահպանական գործողություններում

Նախատեսվում է նաև հատուկ ճանաչում այն տղամարդկանց համար, որոնք նպաստել են կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում կանանց մասնակցությանն ու առաջնորդությանը։ Այս հատուկ ճանաչման համար ինքնաառաջադրում չի ընդունվում։

Ո՞վ կարող է մասնակցել

Հայտերն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ այլ կազմակերպության կամ հաստատության կողմից առաջադրմամբ։ Ինքնաառաջադրվել կարող են ներկայացված ոլորտներում աշխատող կամ գործունեություն իրականացնող կանայք։ Թեկնածուն պետք է ունենա ներկայացվող գործողության մշակման, իրականացման, ղեկավարման կամ առաջմղման գործում հստակ և հիմնավորելի դերակատարում։

Թեկնածուներ կարող են առաջադրել պետական և տեղական կառավարման մարմինները, հասարակական և միջազգային կազմակերպությունները, գիտական և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտական միավորումները և այլ կառույցներ։

Ընդունվում են վերջին երեք տարիների ընթացքում իրականացված կամ շարունակվող այն լուծումները կամ գործողությունները, որոնք արդեն ունեն ներկայացման և գնահատման ենթակա արդյունքներ։ Մեկ լուծումը կամ գործողությունը կարող է ներկայացվել առավելագույնը երկու անվանակարգում, եթե համապատասխանում է երկու անվանակարգերի չափորոշիչներին։ Ինքնաառաջադրման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր։

Մրցանակային աջակցություն

Յոթ հիմնական անվանակարգերից յուրաքանչյուրի հաղթողին կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ մրցանակային գումար՝ ներառյալ կիրառելի հարկերը։ Մրցանակը նպատակ ունի նպաստել հաղթող լուծման հետագա զարգացմանը, տեսանելիությանը, կրկնօրինակմանը կամ ընդլայնմանը։ Հաղթողները նաև հնարավորություն կունենան COP17-ի շրջանակում ներկայացնելու իրենց փորձը, լուծումները և դրանց ընդլայնման ներուժը։ Նախաձեռնության իրականացմանն աջակցում են «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, «ՕքսԵՋեն» հիմնադրամը, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կանանց խումբը (CBD Women’s Caucus)։

Հիմնական ժամկետներ

Հայտերի ընդունում
8–30 սեպտեմբերի 2026 թ.

Տեղեկատվական առցանց հանդիպումներ
15 և 22 սեպտեմբերի, ժամը 15:00

Հանդիպումների ընթացքում կներկայացվեն մրցանակաբաշխության անվանակարգերը, մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և հայտադիմումի լրացման ընթացակարգը։

Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 23-ին՝ COP17-ի Կանաչ գոտում, իսկ հաղթողների մասնակցությամբ թեմատիկ պանելային քննարկումը՝ հոկտեմբերի 27-ին։

Ինչպե՞ս դիմել

Առաջադրել թեկնածու / ներկայացնել հայտ՝ Բացել հայտադիմումը (Առաջադրման հղում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScIMWZo86xy4OEXq2pt3P9Y0i8ykLucSSn-nmOCoTojstlrNw/viewform?usp=publish-editor)

Մանրամասներ, անվանակարգեր և ժամանակացույց՝ awardscop17.wice.am : Հարցերի դեպքում կարող եք գրել awards@wice.am էլեկտրոնային հասցեին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 30 սեպտեմբերի 2026 թ.