ՆորություններԻրազեկում
Հայաստանը՝ կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում
հուլիսի 09, 2026
2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ կենսաբազմազանությանը նվիրված աշխարհի կարևորագույն միջազգային համաժողովը։
Սա պատահական ընտրություն չէ։
- Չնայած իր համեմատաբար փոքր տարածքին՝ Հայաստանը կենսաբազմազանությամբ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է և գտնվում է Կովկասի կենսաբազմազանության «թեժ կետում» (Caucasus Biodiversity Hotspot), որը ներառված է աշխարհի 36 գլոբալ կենսաբազմազանության թեժ կետերի ցանկում։ Այս տարածաշրջաններն առանձնանում են բացառիկ տեսակային բազմազանությամբ և միաժամանակ համարվում են պահպանության առաջնահերթ նշանակություն ունեցող տարածքներ։
- Հայաստանում հանդիպում են շուրջ 3 800 անոթավոր բուսատեսակ և ավելի քան 17 000 կենդանատեսակ, որոնց թվում են 144 էնդեմիկ բուսատեսակ և շուրջ 500 էնդեմիկ կենդանատեսակ։ Երկրի փոքր տարածքում հաջորդում են 10 լանդշաֆտակլիմայական գոտիներ՝ կիսաանապատներից և անտառներից մինչև ենթալպյան ու ալպյան մարգագետիններ՝ ձևավորելով բացառիկ հարուստ և բազմազան բնական միջավայր։
- CBD COP17-ի անցկացումը Հայաստանում ոչ միայն միջազգային հանրության կողմից մեր երկրի եզակի բնական ժառանգության ճանաչման կարևոր վկայություն է, այլև հնարավորություն՝ ընդգծելու Հայաստանի ներդրումը կենսաբազմազանության պահպանության, միջազգային համագործակցության ամրապնդման և գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։