ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Համբարձում Մաթևոսյանը Օսլոյում հանդիպում ունեցավ Մարիտ Քրիստինե Վեայի հետ

ապրիլ 14, 2026

Նորվեգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը Օսլոյում   հանդիպում ունեցավ քաղաքապետարանի Շրջակա միջավայրի և տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մարիտ Քրիստինե Վեայի հետ, որին հաջորդեց ոլորտային շրջայցը։ Շրջայցին մասնակցում էր նաև Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենը։
Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Օսլոյի առաջնորդող դերը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ։ 
Շրջայցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը ծանոթացել է  քաղաքային միջավայրում կիրառվող բնահեն լուծումներին (Nature-based Solutions), մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումներին։ Ներկայացվել են քաղաքի միջով հոսող գետերի վերականգնման և ինտեգրման ծրագրերը, ջրերի արդյունավետ կառավարման մեխանիզմները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ ձկնանցարանների և էկոհամակարգային հավասարակշռության ապահովման լուծումները։ Այս փորձը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքներում ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական ռիսկերի նվազեցման առաջնահերթությունները։
Կողմերն  անդրադարձել են  նաև Օսլոյի հաջողություններին կայուն տրանսպորտի զարգացման և զրոյական արտանետումներով շարժունակության անցման ուղղությամբ, ինչը կարևոր ուղղություն է նաև Երևանի համար։
Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես քաղաքային մակարդակում փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ փորձնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Քաղաքները գտնվում են կլիմայական և կենսաբազմազանության պահպանության գործողությունների առաջնագծում։ Օսլոն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գիտությունը, կառավարման արդյունավետ համակարգերը և ֆինանսական գործիքները համադրել՝ իրական ազդեցություն ապահովելու համար։ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու գործընկերությունները, որոնք հնարավորություն կտան հավակնոտ նպատակները վերածել գործնական արդյունքների։
Photo credit: Norwegian Ministry of Climate and Environment.