Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «30x30․ Առաջնորդներ հանուն բնության և մարդկանց» միջոցառմանը
սեպտեմբեր 25, 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում մասնակցել է «30x30. Առաջնորդներ հանուն բնության և մարդկանց» բարձր մակարդակի միջոցառմանը, որը համախմբել էր պետությունների և կառավարությունների ղեկավարների, բարձրաստիճան ներկայացուցիչների, ՄԱԿ-ի և միջազգային գործընկերների։
Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահության անունից նախարարն իր ելույթում ընդգծել է որ 30x30 գլոբալ նպատակի իրականացումն այլևս միայն հանձնառությունների մասին չէ։ Մինչև 2030 թվականը մնացել է չորս տարի, և անհրաժեշտ է ծրագրերից անցնել չափելի գործողությունների և իրական արդյունքների։
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի COP17 նախագահության առանցքային նախաձեռնություններից Երևանի OECM գլոբալ դաշինքը, որի նպատակն է ամրապնդել միջազգային համագործակցությունը և արագացնել 30x30 թիրախի գործնական իրականացումը։
«Մեր ուղերձը հստակ է՝ առաջիկա տարիները պետք է դառնան արագացված իրականացման ժամանակաշրջան։ Հավակնությունից՝ իրականացման։ Հանձնառություններից՝ չափելի առաջընթացի։ Գործենք հանուն բնության»,- իր ելույթն եզրափակելով՝ նշել է նախարարը։