Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բնության պահպանության ֆինանսավորմանն ուղղված քննարկմանը
հոկտեմբեր 08, 2026
Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման և մասնավոր կապիտալի ներգրավման հնարավորությունները
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կալիի հիմնադրամին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի BIOFIN նախաձեռնությանը և Հայաստանում բնության պահպանության համար մասնավոր կապիտալի ներգրավման հնարավորություններին նվիրված քննարկմանը։
Բացման խոսքով հանդես են եկել նախարար Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի և գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Նախարարն ընդգծել է, որ Երևանում կայանալիք COP17-ի առանցքային խնդիրներից մեկը կենսաբազմազանության պահպանության համար ֆինանսական միջոցների մոբիլիզացումն է։
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող աշխատանքներին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ ՄԱԶԾ BIOFIN նախաձեռնության աջակցությամբ գնահատվել են կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման ֆինանսական կարիքները, բացահայտվել ֆինանսավորման 33 լուծում։ Ֆինանսների նախարարության հետ համատեղ նախապատրաստվում է կենսաբազմազանության ֆինանսավորման առաջին ազգային ծրագիրը։
Նախարարը բանկերին, ներդրողներին և ընկերություններին հրավիրել է համագործակցության՝ բնության հետ կապված ֆինանսական ռիսկերը գնահատելու, էկոհամակարգերի վերականգնման, կայուն գյուղատնտեսության և բնահեն զբոսաշրջության համար ֆինանսական գործիքներ մշակելու ու BIOFIN-ի շրջանակում բացահայտված լուծումներում համատեղ ներդրումներ կատարելու ուղղությամբ։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կալիի հիմնադրամը և BIOFIN-ը․ համաշխարհային հանձնառություններից դեպի իրականացում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այս մեխանիզմների՝ Հայաստանում կիրառման հնարավորություններին, ֆինանսական միջոցների ներգրավմանը և միջազգային համագործակցությանը։
Միջոցառման երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր կանաչ ֆինանսավորմանը, մասնավոր ներդրումներին, պետություն–մասնավոր հատված համագործակցությանը և բնության պահպանության ֆինանսավորման նորարարական գործիքներին։