Նորություններ

Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները

ապրիլի 08, 2026

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ներկայացրել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայության ծառայողի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտակմանը:
Արամ Մեյմարյանի խոսքով առաջարկվում է նաեւ օրենքով հստակ սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-երի հետ համագործակցելու եւ տեղեկատվությունն օպերատիվ ստանալու ու փոխանակելու վերաբերյալ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: