Նորություններ

Կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության ամրապնդմանն ուղղված ուսուցողական այց Վիեննա

մարտի 16, 2026

Շրջակա միջավայրի նախարարության, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչները մարտի 11-13-ը Վիեննայում մասնակցել են կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական այցի: 
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային քաղաքականությանը, ԳՁՕ հայտնաբերման, որակի վերահսկման և մոնիթորինգի ոլորտներում լաբորատորիաների կարողություններին և ռիսկերի գնահատման պահանջներին: 
2023 թվականից Հայաստանը «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքի և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, մեկնարկել է ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման նոր գործընթաց՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա: Հետևապես այս հնարավորությունը չափազանց կարևոր էր այդ գործընթացն առավել արդյունավետ առաջ տանելու համար:
Ուսումնական այցի կարևոր հիմնաքարերից էր նաև գիտահեն և ապացուցահեն որոշումների կայացումն ապահովելու միջոցով Օրհուսի կոնվենցիայի գործնական կիրառմանը և կենսաբազմազանության նոր օրակարգից բխող թեմատիկ հարցերի արդյունավետ կարգավորմանը նպաստելը:
Բանախոսություններով հանդես են եկել Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության հողօգտագործման և կենսաանվտանգության դեպարտամենտի ԳՁՕ վերլուծական լաբորատորիայի վարիչ Ֆրանկ Նարենդջան, «Կենսանվտանգության տեղեկատվական կենտրոնի (BCH)» ազգային համակարգող Անիտա Գրեյթերը,  Աշխատանքի, սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության նախարարության և գյուղատնտեսության նախարարության, Սննդի անվտանգության դաշնային գրասենյակի ներկայացուցիչներ: 
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության միջազգային ծրագրերի ղեկավար Սաբահ Նայթը ողջունել է երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում ձևավորված համագործակցությունը, կարևորել թեմատիկ ուսումնական այցը՝ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի հանդիպմանն ընդառաջ։
Հայաստանի պատվիրակության անդամները ներկայացրել են ազգային օրենսդրական պահանջները, լաբորատոր հագեցվածությունն ու ԳՁՕ-ների հայտնաբերման ու վերահսկման հնարավորությունները, շնորհակալություն հայտնել ընձեռած հնարավորության համար: Համատեղ քննարկվել են թեմատիկ կարիքներն ու անելիքները: 
Ուսումնական ացը կազմակերպվել էր Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը՝ «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում: