Նորություններ

Կենսաբազմազանության վերականգնում

փետրվարի 24, 2026

Որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ #CoP17-ը հյուրընկալող և այնուհետև կոնվենցիայի շրջանակում գործընթացները նախագահող երկիր՝ Հայաստանը կենսաբազմազանության վերականգնումը դարձրել է գործնական օրակարգ՝ անցնելով խոսքից դեպի չափելի արդյունքներ։ Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված բնական միջավայրերի վերականգնմանը, տեսակների պահպանությանը և էկոհամակարգերի առողջացմանը։

Այսպիսով՝

Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվել են մանրաձկան բացթողնման աշխատանքները․ նախատեսված 500 000 հատի փոխարեն 2025 թվականին լիճ է բաց թողնվել շուրջ
836 000 հատ ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ՝ նախորդ տարվա
390 000 հատի դիմաց։

Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրվել է ծնողական կազմ, որից նախատեսվում է ստանալ 200. 000 հատ մանրաձուկ և  2027 թվականին  բաց թողնել լիճ։ Ի դեպ սա աննախադեպ գործընթաց է։

Հավաքագրվել է կարմրախայտի 2 500 հատ ծնողական կազմ, իրականացվել է արհեստական վերարտադրություն, և ստացվել է շուրջ 80 000 հատ մանրաձուկ, որից 50 000 հատը  բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներով հիմք է դրվում գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնային պաշարների վերականգնմանը։

Շարունակվում է բնություն վերադարձնել անհետացած համարվող ազնվացեղ եղջերուներին․ 2025 թվականին բնություն  է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը ցույց է տալիս, որ վերականգնման աշխատանքները արդյունք են տալիս։ Ներկայումս ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնման ծրագրերը։