Կայացել է EW4All ճանապարհային քարտեզի վավերացման աշխատաժողովը
մարտի 23, 2026
2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացավ «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) ազգային ճանապարհային քարտեզի վավերացման աշխատաժողովը՝ որպես 2025 թվականի նոյեմբերին անցկացված Ազգային ինքնագնահատման աշխատաժողովի շարունակություն։
EW4All նախաձեռնությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից մեկնարկած գլոբալ նախաձեռնություն է, որի նպատակն է մինչև 2027 թվականը ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիությունը բոլորի համար։ Հայաստանի համար այն կարևոր է՝ հաշվի առնելով բնական վտանգների նկատմամբ երկրի խոցելիությունը։
Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի համապատասխան կառույցների (UNDRR, WMO, ITU, IFRC) և ՄԱԶԾ-ի աջակցությամբ՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակում։ Ճանապարհային քարտեզը հիմնված է վաղ նախազգուշացման համակարգերի չորս ուղղությունների վրա՝ ռիսկերի գիտելիք, մոնիթորինգ և կանխատեսում, հաղորդակցություն և արձագանքման պատրաստվածություն։
Աշխատաժողովին մասնակցեցին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն (տեսաուղերձով), ինչպես նաև ազգային և միջազգային գործընկերներ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նախաձեռնության առաջնահերթությունները, քննարկվեցին 2026–2030 թթ. գործողությունները և հաստատվեց Հայաստանի EW4All ազգային ճանապարհային քարտեզը։ Ընդունվեց նաև համատեղ հայտարարություն՝ վերահաստատելով բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման հանձնառությունը։
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի՝ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։