Կայացել է Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված միջոցառումը
ապրիլի 15, 2026
Կայացել է Կլիմայի կանաչ հիմնադրամի և ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառումը:
Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, միջազգային գործընկերների, ֆինանսական հաստատությունների, ակադեմիական և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին՝ ամփոփելու 2017 թվականից իրականացված ծրագրի արդյունքները և քննարկելու էներգաարդյունավետության քաղաքականության հետագա զարգացումը Հայաստանում։
2017 թվականին մեկնարկած Ծրագիրը նպաստել է Հայաստանի անցմանը դեպի
ցածրածխածնային և էներգետիկ առումով անվտանգ ապագայի՝ բարձրացնելով բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը, նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները և բարելավելով քաղաքացիների բարեկեցությունը:
Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ ծրագրի արդյունքները կարևոր դեր ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության և կլիմայական պարտավորությունների իրականացման գործընթացում՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը դարձել է Հայաստանում էներգաարդյունավետության ոլորտի զարգացման կարևոր փուլերից մեկը։
«Ծրագրի իրականացումը հնարավորություն է տվել ընդլայնել էներգաարդյունավետ լուծումների կիրառումը՝ ապահովելով շոշափելի արդյունքներ հազարավոր քաղաքացիների համար։ Էներգետիկ անվտանգության և կլիմայական դիմակայունության համատեքստում ոլորտը շարունակում է պահպանել իր առանցքային դերակատարությունը»,-նշել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին՝ ընդգծելով միջազգային և ազգային կառույցների համագործակցության կարևորությունը ծրագրի հաջող իրականացման գործում։
Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Փակման միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական արդյունքները, անցկացվել թեմատիկ քննարկումներ՝ ֆինանսավորման, ինստիտուցիոնալ կարողությունների և իրավական կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են ոլորտի հետագա զարգացման և ծրագրային արդյունքների կայունացման հնարավորությունները։