Նորություններ

Կայացել է մամուլի ասուլիս-քննարկում ուղղված պլաստիկի սահմանափակումներին

հուլիսի 21, 2026

«Տեսակետ» մեդիա թիմի նախաձեռնությամբ կայացավ մամուլի ասուլիս-քննարկում՝ նվիրված 2027 թվականի հունվարի 1-ից պլաստիկե և պոլիէթիլենային արտադրանքի նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումներին:
Ասուլիսի ընթացքում նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը և նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը ներկայացրին մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը և դրա կիրառման հիմնական դրույթները։
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների շրջանակը, դրանց կիրառման առանձնահատկությունները, նախատեսված բացառությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի համար առավել անվտանգ այլընտրանքային լուծումները։
Ասուլիսին ներկա տնտեսվարողները ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկները օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։
Կարևորվեց, որ իրազեկման այս փուլը նպատակ ունի ապահովել օրենսդրական փոփոխությունների սահուն և արդյունավետ իրականացումը՝ հնարավորություն տալով տնտեսվարողներին, արտադրողներին, ներմուծողներին, առևտրային կազմակերպություններին և քաղաքացիներին նախապես ծանոթանալ նոր կարգավորումներին, հասկանալ դրանց կիրառման առանձնահատկությունները և ժամանակին անցում կատարել հասանելի այլընտրանքներին։
Նախարարությունը շարունակելու է լայնածավալ իրազեկման աշխատանքները՝ տարբեր շահագրգիռ խմբերի հետ հանդիպումների, հանրային քննարկումների և տեղեկատվական արշավների միջոցով՝ ապահովելով օրենսդրական փոփոխությունների լիարժեք և արդյունավետ կիրարկումը։