Կազմակերպվել է հանդիպում երիտասարդների հետ
օգոստոսի 13, 2026
Օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է Երիտասարդության միջազգային օրը։ Այս տարի ևս «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը կազմակերպել էր օրվա խորհուրդը կրող հանդիպում շուրջ 30 երիտասարդների հետ։ Այն տեղի ունեցավ Նոյեմբերյանի պետական քոլեջում, որտեղ առաջին անգամ պատանիներին տրվում է հնարավորություն ընտրելու «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը:
Մասնագիտությունը ներդրվել է 2019 թվականին Երևանի, Արմավիրի և Արարատի պետական տարածաշրջանային քոլեջներում ՇՄՆ-ի, ՄԱԱԶԿ-ի (UNIDO) և ԿԳՄՍՆ-ի համագործակցության շրջանակներում:
Օզոնային շերտի հարցերի ազգային համակարգողի կողմից պատանիներին ներկայացվեցին սառնամատակարարման և օդորակման ոլորտի արդիականությունը, զարգացման հեռանկարներն ու մասնագիտական հնարավորությունները՝ ընդգծելով ոլորտի կարևոր դերը շրջակա միջավայրի պահպանության, էներգաարդյունավետության բարձրացման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման գործում։
Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի նախագահը ուսանողներին ծանոթացրեց որակյալ սառնարանային տեխնիկների նկատմամբ աճող պահանջարկին, ոլորտում առկա կարիերայի հնարավորություններին և իրենց մասնագիտության նշանակությանը՝ արդյունաբերության ներկա և ապագա կարիքներին արձագանքելու համատեքստում։
Այս մասնագիտության զարգացման գործում իր կարևոր դերն ունի նաև ՄԱՎԵՏԱ ծրագիրը, որի նպատակներից է մասնագիտական կրթության՝ իրական աշխատանքային միջավայրին հնարավորինս մոտ լինելու ապահովումը: Ծրագրի ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրեց, որ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը Նոյեմբերյանի պետական քոլեջում իրականացվելու է դուալ կրթության ձևաչափով։ Այսպիսով, ուսանողները մասնագիտական գիտելիքները ձեռք են բերելու ոչ միայն քոլեջում, այլև իրական աշխատանքային միջավայրում` համատեղելով տեսական ուսուցումն ու գործնական փորձը։
Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան թեմատիկ գործնական խաղերի և ցուցադրությունների միջոցով ծանոթանալու ոլորտում կիրառվող սարքավորումներին և գործիքներին, ինչպես նաև ձեռք բերելու նախնական գործնական գիտելիքներ:
«Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագիրը ֆինանսավորվում է Մոնրեալի արձանագրության բազմակողմանի հիմնադրամի (MLF) կողմից։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) աջակցությամբ: