Նորություններ

Իրականացվեց «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ 2» կրթական միջոցառում-մրցույթը

մարտի 23, 2026

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվեց «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ 2» կրթական միջոցառում-մրցույթը։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաև Կոտայքի մարզի Ողջաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտները։
Մասնակիցները ներկայացրին իրենց կողմից պատրաստված տեսանյութերը՝ կազմակերպության կողմից առաջարկված բնապահպանական թեմաների շուրջ, որոնք աչքի ընկան ստեղծագործական մոտեցմամբ, արդիականությամբ և բարձր մակարդակով պատրաստվածությամբ։
Բոլոր մասնակիցների աշխատանքներն արժանի էին բարձր գնահատանքի, սակայն առանձնացավ Ողջաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտների թիմը։ Նրանք ներկայացրել էին «Թափոնների կուտակման ազդեցությունը հասարակության վարքի ձևավորման վրա» թեմայով խորքային աշխատանք, որի համար էլ ճանաչվեցին մրցույթի հաղթողներ։
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեց շնորհակալագրեր՝ ակտիվ մասնակցության և նախաձեռնողականության համար, իսկ առավել ակտիվ մասնակիցներն արժանացան նաև անհատական խրախուսական նվերների։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց բնապահպանական կրթության կարևորությունը և երիտասարդների ներգրավվածության դերը շրջակա միջավայրի պահպանության գործում։