Նորություններ

Ընդլայնվում է խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը

մարտի 19, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը  վավերացման մասին հարցը։
Համաձայնագիրը նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը և կանխել դրանց պոպուլյացիաների անկումը։ Հայաստանի Հանրապետությունը միացել է այս նախաձեռնությանը՝ 2025 թվականին ստորագրելով համապատասխան փաստաթուղթը։
Հայաստանի համար այս համաձայնագիրը ունի ոչ միայն միջազգային, այլև անմիջական նշանակություն։ Մեր հարուստ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ տեղ ունի Կովկասյան ընձառյուծը, որը կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչներից է։ Այն սննդային շղթայի վերին օղակում գտնվող գիշատիչ է և էկոհամակարգի առողջության կարևոր ցուցիչ։ Սա նշանակում է, որ ընձառյուծի պահպանությունը միայն մեկ կենդանատեսակի պահպանություն չէ, այլ ամբողջ բնական հավասարակշռության և կենսամիջավայրի կայունության պահպանություն։ Հայաստանի տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, այդ թվում՝ լուսանը, եվրոպական անտառակատուն և մանուլը, որոնցից վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում։
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ընձառյուծի պահպանության ուղղությամբ իրականացվել է հետևողական աշխատանք, և արդեն ունենք կարևոր արդյունքներ։ Վերոնշյալի համատեքստում՝ համաձայնագիրը լրացուցիչ գործիք է՝ այդ աշխատանքներն ավելի համակարգված, ավելի ժամանակակից և միջազգային փորձի կիրառմամբ շարունակելու համար։ 
Հայաստանի համար սա ունի առանձնահատուկ կարևորություն նաև այն հանգամանքով պայմանավորված, որ մեր երկիրը հյուրընկալելու է COP17 համաժողովը։