ՆորություններԷկոկրթական հանդիպումներ

Էկոկրթական այց շրջակա միջավայրի նախարարությունում

մայիսի 11, 2026

Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Շրջակա միջավայրի նախարարություն։
Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, «Թթվային անձրևները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով իրականացվող միջառարկայական հետազոտական նախագծի շրջանակում  Շրջակա միջավայրի նախարարությունում էին։
Նախարարության մասնագետներն աշակերտներին ներկայացրել են  շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող արդիական հիմնահարցերը, մթնոլորտային աղտոտման պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև մասնագիտական դիտարկումներ են կատարել աշակերտների հետազոտական աշխատանքի թեմայի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել մասնագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, քննարկել թթվային անձրևների առաջացման մեխանիզմները, դրանց ազդեցությունը բնության և մարդու առողջության վրա, ինչպես նաև ծանոթանալ բնապահպանական քաղաքականության իրականացման գործընթացներին։
Այցը կարևոր և մոտիվացնող փորձառություն էր աշակերտների համար՝ զարգացնելով նրանց հետաքրքրությունը գիտահետազոտական աշխատանքի հանդեպ, ընդլայնելով բնապահպանական գիտելիքները և աջակցելով մասնագիտական կողմնորոշման ձևավորմանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է բնապահպանական կրթության զարգացումն ու երիտասարդների ներգրավվածությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում՝ շարունակաբար աջակցելով կրթական նախաձեռնություններին և խրախուսելով աշակերտների գիտահետազոտական հետաքրքրությունները։