Նորություններ

Էկոկրթական այց՝ նվիրված ջրի հիմնախնդիրներին

մարտի 27, 2026

Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Ջրի հիմնախնդիրը Ասիա աշխարհամասում» թեմայով նախագծային աշխատանքների շրջանակում այցելել են Շրջակա միջավայրի նախարարություն։ Այցի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել Ջրային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լիանա Մելքոնյանը։
Նախագծի թեմայի ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է։ Այդ օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու ջրային ռեսուրսների պահպանության, խնայող և պատասխանատու օգտագործման կարևորությունը, ինչպես նաև անդրադառնալու ոլորտում առկա մարտահրավերներին։
Բանախոսը նշել է, որ աշխարհում ջրի պահանջարկը շարունակաբար աճում է, իսկ Ասիայում այն արդեն վերածվել է լուրջ ճգնաժամի՝ պայմանավորված բնակչության աճով, սահմանափակ ռեսուրսներով և ջրի անհավասար բաշխմամբ։ Տարածաշրջանում ջրի պակասը խորանում է կլիմայի փոփոխության, ջրի աղտոտվածության, գյուղատնտեսական գերծախսի և անարդյունավետ կառավարման հետևանքով։ Առանց խնայողության, նորարար տեխնոլոգիաների կիրառման և համագործակցային մոտեցումների՝ ջրի խնդիրները կարող են էական ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի որակի, առողջության և տնտեսության վրա։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով, որի ընթացքում աշակերտները բարձրացրել են ջրային ռեսուրսների կառավարման, խնայողության մեթոդների և ջրային խնդիրների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է էկոկրթության դերը՝ հատկապես դպրոցականների շրջանում բնապահպանական մտածելակերպի ձևավորման և պատասխանատու վարքագծի խթանման գործում՝ վստահ լինելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են գիտակից ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատար սերնդի ձևավորմանը։