Էկոկրթական այց նախարարությունում
ապրիլի 23, 2026
Երևանի Հ․ Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այցելել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ իրենց նախագծային աշխատանքի շրջանակում. «Թափոնների վերամշակումը և մթնոլորտի աղտոտումը»։ Աշակերտներին ընդունել են Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանը և նախարարության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքում Գոռ Միքայելյանը կարևորել է նման հանդիպումների դերը՝ նշելով, որ կարևոր է, որպեսզի աշակերտները նախարարությունից դուրս գան ոչ միայն նոր գիտելիքներով, այլ նաև կոնկրետ գաղափարներով և լուծումներով, որոնք կարող են առաջարկել ապագայում՝ որպես մասնագետներ կամ գիտակից քաղաքացիներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները, դրանց ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև թափոնների տեսակները, դրանց կառավարման մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մեծածավալ աղբի և կենցաղային թափոնների կուտակման խնդրին, վերամշակման և վերօգտագործման հնարավորություններին։ Նախարարության ներկայացուցիչները նաև ներկայացրել են ոլորտում իրականացվող քաղաքականությունները, ընթացիկ ծրագրերը և միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունները։ Շրջակա միջավայրի նախարարության համար էկոկրթությունը կարևորագույն ուղղություններից է, հատկապես դպրոցահասակների շրջանում։ Կարևորվում է վաղ տարիքից բնապահպանական գիտակցության ձևավորումը, պատասխանատու սպառման մշակույթի զարգացումը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի խթանումը։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս երիտասարդներին ոչ միայն տեղեկանալ առկա խնդիրների մասին, այլև ակտիվորեն ներգրավվել դրանց լուծման գործընթացում՝ դառնալով փոփոխության կրողներ իրենց համայնքներում։ Նախարարությունը շարունակելու է խրախուսել կրթական նման նախաձեռնությունները՝ նպաստելով, որ ապագա սերունդը ձևավորվի որպես իրազեկ, պատասխանատու և բնապահպանական արժեքներ կրող հասարակություն։