Էկոկրթական այցի շրջանակում շրջակա միջավայրի նախարարությունն այսօր հյուրընկալեց Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին
փետրվարի 24, 2026
Շարունակելով էկոկրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր հյուրընկալեց Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին՝ էկոկրթական այցի շրջանակում։
Այցի նպատակն էր դպրոցում մեկնարկած բնապահպանական հետազոտությունների շարքի համատեքստում ընդլայնել և խորացնել գիտելիքները բնության պահպանության, շրջակա միջավայրի արդի հիմնախնդիրների, Երկիր մոլորակի առջև ծառացած մարտահրավերների և կենսաբազմազանության թեմաներով՝ ապահովելով նաև անմիջական շփում ոլորտի մասնագետների հետ։
Այցի ընթացքում նախարարության ներկայացուցիչները ջերմորեն ընդունեցին աշակերտներին, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, կազմակերպեցին տեղեկատվական տեսանյութերի դիտում և համատեղ քննարկում՝ ընդգծելով ներկայացված թեմաների առանցքային շեշտադրումները։ Հատուկ ուշադրություն դարձվեց Սևանա լճի էկոհամակարգի պահպանության առկա խնդիրներին, ինչպես նաև պլաստիկի օգտագործման բացասական հետևանքներին և դրանց նվազեցման հնարավոր ու կիրառելի ուղիներին։ Հանդիպման ավարտին աշակերտներն ամրապնդեցին իրենց գիտելիքները և ձևավորեցին ավելի հստակ պատկերացում ժամանակակից բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Նրանք ընդգծեցին, որ նույնիսկ առօրյա փոքր, բայց հետևողական քայլերով յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանության գործում։
Այցը դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև ոգեշնչող՝ խթանելով պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ և ակտիվ մասնակցություն բնապահպանական նախաձեռնություններին։