ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Էկոկրթական հանդիպումներՆորություններ

Բնապահպանական գիտելիքներից՝ գործնական փորձ

հունիս 30, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել էր Երևանի թիվ 195 ավագ դպրոցի աշակերտներին։

Դպրոցը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Սմարթ-էկրաններ աշխարհացույցի դպրոցներին» խորագիրը կրող մրցույթին, որի շրջանակում իրականացվում է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան, դեղաբույսերի աշխարհը և բնական դեղատան գաղտնիքները» թեմայով նախագծային աշխատանք։

Ծրագիրն իրականացնում են դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների աջակցությամբ։ Նախագծի նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, խթանել հետազոտական մտածողությունը և ձևավորել ակտիվ մասնակցություն շրջակա միջավայրի պահպանության հարցերում։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, որոնք աշակերտներին ներկայացրել են դեղաբույսերի պահպանման, դրանց ճիշտ հավաքման եղանակների, բուժիչ հատկությունների և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները։ Նախարարության մասնագետները նաև ներկայացրել են, թե ինչ քայլեր են իրականացվում և ինչ ծրագրեր են նախատեսվում վերացման եզրին գտնվող դեղաբույսերի պահպանության և ՀՀ Կարմիր գրքում ընդգրկվելու վտանգից դրանք պաշտպանելու ուղղությամբ։