Նորություններ

Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքը

մարտի 04, 2026

Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտարկման իրականացման գործընթացին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ՀՀ ԱԺ մարտի 3-ի հերթական նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրել է  ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտարկաման իրականացման գործընթացին: Ծառայության արդյունավետ իրականացման նպատակով առաջարկվում է սահմանել նաև էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու տեղեկատվության օպերատիվ ձեռքբերման և փոխանակման նպատակով:
Գործող օրենքի համաձայն՝ Էկոպարեկային ծառայության հիմնական խնդիրն է պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել պահպանություն: Ծառայության ընթացքում կենսաբազմազանության վերաբերյալ հասանելի է դառնում հսկայական ինֆորմացիա, սակայն, փաստացի, օրենքով ամրագրված չէ էկոպարեկային ծառայողի մասնակցությունը կենսաբազմազանության մշտադիտարկման գործընթացին: Առկա բացը լրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում են հստակ կանոնակարգումներ:
Արամ Մեյմարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ծառայության գործառույթների ճշգրտման վերաբերյալ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ներկայացնելով  գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Եզրափակիչ ելույթում Վահե Ղալումյանն ընդգծել է, որ Էկոպարեկային ծառայության հիմնման գործընթացն ինքնանպատակ չի եղել եւ շատ կարեւոր բարեփոխում է: Նա նշել է, որ մինչեւ Էկոպարեկային ծառայության հիմնումն անտառների եւ նմանատիպ տարածքների վերահսկողությունն իրականացվել է օրական ընդամենն 8 ժամ: Մինչեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ստեղծումը մարզում անտառախախտումների բացահայտման մակարդակը կազմել է 9 տոկոս, իսկ ծառայության ստեղծումից հետո այդ ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով 75 տոկոսի:
Եզրափակիչ ելույթում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին եւ դիտարկումներին: