Աշխատարան՝ նվիրված արտադրողի ընդլայնված պատասխանատվությանը
ապրիլի 09, 2026
Ի՞նչ է արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը և ո՞վքեր են վճարելու, որ շրջակա միջավայրն ու մեր առողջությունը վտանգող թափոնները չհայտնվեն աղբավայրում:
Այս հարցերի պատասխանները լայն հանրությանը հասցնելու ուղիները քննարկելու նպատակով աշխատարանին մասնակցում էին թափոնների կառավարման ոլորտին առնչվող հասարակական հիմնական խմբերի՝ պետական կառույցների, ՏԻՄ, քաղհասարակության կազմակերպությունների, բիզնես համայնքի և կրթական կառույցների ներկայացուցիչներ և երիտասարդներ:
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ հանրային իրազեկման գաղափարների աշխատարանի» նպատակն էր ոլորտային դերակատարների մասնակցությամբ ձևավորել և զարգացնել թափոնների կառավարման և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների նախատիպեր:
«Թափոնների կառավարումը Կառավարության առաջնահերթություններից է: ԱԸՊ համակարգի ներդրումը պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Գործընթացը մեկնարկել է դեռևս 2023 թվականին:
Սակայն բուն աշխատանքը կսկսվի օրենքի ընդունումից հետո, երբ կսկսենք կիրառել այն»,- նշել է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Մերի Հարությունյանը՝ կարևորելով այս միջոցառման շրջանակում բազմաշահառու մասնակիցների ընտրության մոտեցումը։
Աշխատարանն իրականացվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում: