Ստանալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա

ՀՀ թունավոր նյութեր ներմուծելու (արտահանելու) համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։ 

Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։

Պահանջվող փաստաթղթերը

  • հայտ` ներառյալ ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը,

  • պետական գրանցման վկայականի համարը, ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

  • թունավոր նյութերի և տեխնոլոգիական գործընթացի նկարագիրը, որտեղ օգտագործվում է ներմուծվող թունավոր նյութը։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտ ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Մեկանգամյա լիցենզիան տրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։