Ստանալ թափոնների գոյացման նորմատիվների (տեղադրման սահմանաքանակների) նախագծերի հաստատում

ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է կազմել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ստանալ համապատասխան հաստատում։

Ծրագրի հաստատման հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել և ֆիզիկապես և էլ․ փոստի միջոցով։

Ծրագրի հաստատումը ստանալու համար հարկավոր է պահանջվող փաստաթղթերն ուղարկե նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ),

  • վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,

  • թափոնի անձնագիրը,

  • նախագծի հաշվարկը,

  • տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին,

  • այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը,

  • նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը,

  • թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը,

  • թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը,

  • բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Փաստաթղթերն ստանալուց հետո  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 5-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին՝ նշելով փաստաթղթերի ընդունման ժամկետը և գրանցման համարը:

Մեկամսյա ժամկետում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում նախագծերը հաստատելու, իսկ փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում` լրամշակման վերադարձնելու մասին:

Նախագծերը հաստատվում են 1 տարի ժամկետով։