Новости

Շարունակվում են COP17 մեդիա դպրոցի դասերը

апрель 28, 2026

Այս անգամ դպրոցի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ, ինչպես նաև Ստոկհոլմի շրջակա միջավայրի «Կանաչ օրակարգ» ծրագրի ազգային գնահատման զեկույցների փորձագետ Արսեն Գասպարյանը։
Դասընթացի շրջանակում քննարկվեց «Կենսաբազմազանություն. ի՞նչ գիտենք դրա մասին» թեման, որի ընթացքում ներկայացվեցին կենսաբազմազանության էությունը, դրա կարևորությունը և ժամանակակից մարտահրավերները։
Բանախոսը անդրադարձավ կենսաբազմազանության դերին էկոհամակարգային ծառայությունների ապահովման, սննդի և դեղամիջոցների աղբյուրների ձևավորման, ինչպես նաև կլիմայի կայունության պահպանման գործում։ Ներկայացվեցին նաև կենսաբազմազանության կորստի հիմնական սպառնալիքները՝ կլիմայի փոփոխություն, աղտոտում և բնական միջավայրերի դեգրադացիա։
Դասի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև կենսաբազմազանության պահպանության գործիքներին՝ պահպանվող տարածքների համակարգին, միջազգային կոնվենցիաներին և մոնիթորինգի մեխանիզմներին, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանության առանձնահատկություններին։