Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է տիկին Նաթիա Նացվլիշվիլիի հետ
апрель 29, 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Հայաստանի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլիի հետ՝ քննարկելու համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են COP17-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։
Նախարարը շեշտել է, որ առաջնահերթ է ապահովել համաժողովի ներառական և բարձր ազդեցություն ունեցող անցկացումը Երևանում՝ միավորելով պետությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին, գիտական հանրույթին և այլ շահագրգիռ կողմերին՝ «Leaders for Nature» գաղափարի շուրջ։
Քննարկել են նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի՝ Կունմին-Մոնրեալի նպատակների իրականացման ընթացքը, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև ոլորտային համագործակցության խորացման ուղղությունները։
Առանձին կարևորությամբ անդրադարձել են UNDP-ի հետ համատեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերին։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ երկարամյա արդյունավետ համագործակցությունը նպաստել է ինչպես միջազգային պարտավորությունների կատարմանը, այնպես էլ ոլորտային օրենսդրության և կառավարման համակարգերի զարգացմանը։
Քննարկման առանցքում էին նաև նոր նախաձեռնությունները՝ ներառյալ Կենսաբազմազանության գլոբալ հիմնադրամի (GEF-9) շրջանակում տարածաշրջանային ծրագրերը, ինչպես նաև Կլիմայի հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները, որոնք ուղղված են անտառային հրդեհների ռիսկերի նվազեցմանը և ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Նախարարը հաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, կենսաբազմազանության պահպանմանն ու «կանաչ» զարգացման օրակարգի առաջմղմանը։