Новости

Էկոկրթական նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում

апрель 30, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի  շրջանակում  հյուրընկալել էր  Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի աշակերտներին։
Էկոկրթական նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում «Մասնագիտական կողմնորոշում» թեմայի շուրջ։
Շրջակա միջավայրի նախարարության գործունեության, իրականացրած գործառույթների և ծրագրերի շուրջ քննարկմանը մասնակցում էին նախարարության ռազմավարական քաղաքականության, կենսառեսուրսների կառավարման և ջրային քաղաքականության վարչությունների աշխատակիցները, որոնք ճանաչողական ելույթներով փորձում էին բացահայտել աշակերտների հետաքրքրությունները, նախասիրություններն  ու աշխարհընկալումը, շրջակա միջավայրի նկատմամբ  վերաբերմունքը՝ շեշտելով ոլորտի աշխատանքի կարևորությունն ու գրավչութունը հետագա մասնագիտության ընտրության հարցում։
Մասնագետների խոսքով, շրջակա միջավայրի ոլորտում աշխատելով, մարդը կարող է անմիջական ներդրում ունենալ շրջակա միջավայրի պահպանության գործում՝ նպաստելով բնության պահպանությանը. ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, աղտոտման նվազեցմանն ու էկոհամակարգերի պաշտպանությանը։ 
Շրջակա միջավայրը ոլորտ է, որը ներկայացնում է գիտությունների համադրություն՝ ներառելով հիդրոլոգիա, էկոլոգիա, կենսաբանություն, ճարտարագիտություն, նորագույն տեխնոլոգիաներ և մի շարք այլ ոլորտներ, որոնք այն դարձնում են առավել հետաքրքիր ու բազմակողմանի։
Հանդիպումն ավարտվել է աշակերտների հարց ու պատասխանով, շրջակա միջավայրի պահպանության հանդեպ հոգատար վերաբերմունքի պատասխանատվության գիտակցումով։