Շրջակա միջավայրի նախարարությունը հյուրընկալել է դպրոցականներին
апрель 27, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունում հերթական էկոկրթական նախաձեռնության շրջանակում հյուրընկալվել էին Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտները։ Այցը կազմակերպվել էր նախագծային աշխատանքների՝ «Բնապահպանական էթիկա․ մարդու պատասխանատվությունը Երկիր մոլորակի նկատմամբ» և «Բնապահպանական վերածնունդ․ թափոններից դեպի արվեստ» թեմաների շրջանակում։
Աշակերտներին ընդունել են Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Քննարկումները ընթացել են բաց և ինտերակտիվ ձևաչափով՝ հնարավորություն տալով աշակերտներին բարձրաձայնել իրենց դիտարկումները, ներկայացնել նախագծերի գաղափարները և ստանալ մասնագիտական արձագանք։
Նախագծերի առանցքում եղել են մարդու և բնության փոխհարաբերությունները, սպառման մշակույթը և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ անձնական ու հանրային պատասխանատվությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն գաղափարին, որ նույնիսկ առօրյա փոքր քայլերը կարող են նշանակալի ազդեցություն ունենալ բնապահպանական խնդիրների նվազեցման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ժամանակակից մոտեցումներին և ոլորտում իրականացվող ծրագրերին։ Մասնակիցներին ներկայացվել են պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և միջազգային համագործակցության փորձը։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը բնապահպանական գործընթացներում՝ դիտարկելով այն որպես երկարաժամկետ ներդրում հասարակության կայուն զարգացման գործում։ Նման հանդիպումները նպաստում են, որ աշակերտները ոչ միայն խորացնեն իրենց գիտելիքները, այլև ձևավորեն պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ և դառնան փոփոխությունների ակտիվ կրողներ իրենց համայնքներում։